Խաղաղության համաձայնագրի ստորագրումը բխում է երկու երկրների շահերից ու նաև տարածաշրջանի շահերից՝ մայիսի 22-ին Սյունիքում հայտարարել է Հայաստանում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին։ «Սա կարող է տարածաշրջանի ապաշրջափակման առիթ դառնալ: Մենք դեմ չենք ապաշրջափակմանը, մեր դիրքորոշումը գիտեք, բայց ցանկացած ապաշրջափակում պետք է լինի Հայաստանի ազգային ինքնիշխանության ներքո»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը։               
 

Փիթեր Սուրյանի լռությունը, տարագրությունն ու խոհեմությունը

Փիթեր Սուրյանի լռությունը, տարագրությունն ու խոհեմությունը
02.06.2015 | 11:04

Հայրենիք սիրել չի նշանակում աչք փակել այն ամենի վրա, ինչ նրան զրկում է հրաշալի լինելուց: Իրականում, եթե սիրում ես հայրենիքդ, պետք է մշտապես փորձես այն ավելի լավը դարձնել։
Փիթեր ՍՈՒՐՅԱՆ

Օտարագիր հայ գրողների ճակատագիրը երևի այլ կերպ կդասավորվեր, եթե չլիներ Մեծ եղեռնը: Հայրենազրկումը յուրաքանչյուր հայի համար խորապես վերապրելի է՝ նույնիսկ մենության հարյուր տարվա հեռավորությունից, իսկ գրողների համար՝ առավել ևս, թեկուզ նրանք կոչվեն Վիլյամ Սարոյան, Մայքլ Առլեն Կրտսեր, Փիթեր Սուրյան, Փիթեր Նաջարյան, Նենսի Գրիգորյան, Քրիս Բոջոլյան, Լելսի Այվազյան, Փիթեր Բալաքյան, Էրիկ Պողոսյան: Սա ոչ լիարժեք ցանկն է այն գրողների, ովքեր Մեծ եղեռնի սերունդների զարմից են, և իրենց գոյությամբ փաստում են ոչ միայն հայի անկորնչելիության առասպելը, այլև իրենց ստեղծագործություններով վերարժևորում են վերածնված հային, նրա խոհուն իմացականությունը զուգակշռում համաշխարհային գեղարվեստական արժեքներին, այդ իսկ պատճառով նրանց գրականությունը որքան էլ հայկական արմատներից է սերում կամ հայկական եղելություններով է պատվաստված, այնուամենայնիվ, մարդու անցած և անցնելիք ճանապարհի մասին է:
Փիթեր Սուրյանի օրինակով և նրա ստեղծագործության մասնահատումով կարելի է նշել, որ օտարագիր ¥այս պարագայում` ամերիկահայ, անգլագիր¤ գրող լինելու նրա առաքելությունը չի «խզել» իր լռությունը տարագրության մեջ, քանզի նրա գրողական խոհեմությունը՝ գեղարվեստական բարձր և ուրույն չափանիշներ ապահովող, ակնհայտ է այն ստեղծագործություններում, որոնք թարգմանվել են հայերեն՝ Արամ Արսենյանի անզուգական թարգմանությամբ: Տևական ստեղծագործական համախոհությունը, համագործակցությունը տվել են սպասելի, հայ ընթերցողի համար ցանկալի արդյունքը: Փիթեր Սուրյանի արձակը ընթերցելի է հայերեն, գրեթե բնագրային հնչողությամբ։ Մասնագետ չենք, բայց կա քաջատեղյակների անվերապահ կարծիքը: Այս հանգամանքը առավել ևս հաստատում է գրողի «Սպասումի մեկ դար» ¥Երևան, 2015¤ էսսեների ժողովածուն: Եվ եթե Ա. Արսենյանը արդեն վարժ լինելով Սուրյանի գեղարվեստական մտածողությանը և «պատմելու հնարքներին», կարողացել է թե՛ «Դարպասը», թե՛ «Միր» վեպերում, պատմվածքներում «որսալ» գրողի սյուժետային և պատումային խոսքի հնչերանգն ու ընդհանրապես արձակի ռիթմը, ապա էսսեների պարագայում, որոնք գեղարվեստական ներքին «շարժիչ» ուժ ունեն և իրապատում-վավերագրային են, թարգմանիչը հետամուտ է եղել, որ գրողի աշխարհաճանաչողությունը առավել տեսանելի լինի, մանավանդ որ էսսեներն ունեն որոշակի ընդհանրություն, այն է՝ հայության տարագրության մեկդարյա իրողությունը հետադարձ հայացքով դիտված միջազգային քաղաքականության, գրական-մշակութային, հայրենազրկված մարդու մի այնպիսի խորապատկերի վրա, որը դիտարկելի է միայն ազգային ինքնության բարձունքից:
Փիթեր Սուրյանի համար անցյալի ժամանակագրությունը չի սկսվում և ավարտվում պատմության հատվածական տիրույթներում. գրողի համար անցյալը և ներկան կամրջված են թե մի փոքրիկ տղայի իր ինքնության փնտրտուքներում,- Մեծ եղեռնով ինքնաճանաչվելն իբրև նախապայման,- ¥«Արտահայտվելու ազատություն»¤ և թե հայ վրիժառուի խրոխտ պահվածքում ¥«Դատավարություն Լոնդոնում»¤ և հայացքն ուղղված է ոչ ավարտուն, այլ շարունակվող հայոց պատմությանը, շարունակվող, քանի դեռ այն հասանելի չի դարձել այլազգիներին: Դրանով գրողը աշխարհասփյուռ հայությանն է ազգային արմատներին փարվելու մղում: Այս առումով չափազանց ուսանելի է թե՛ մեր, թե՛ այլոց համար Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան քառասուն օրը» վեպի անգլերեն հրատարակության Սուրյանի առաջաբանը, հատկապես շատերին կհետաքրքրի, թե ինչու և ինչ պատճառներով է արգելվել վեպի էկրանավորումը:
Ընդհանրապես, այն հստակ տպավորությունն ունենք, որ Սուրյանը մեզ արժեքներ է փոխանցում. փորձառությունը գրողի համար իր կանխատեսումների ոլորտում առավել է համոզիչ, մանավանդ, երբ հաղորդակցվում ենք նրա իմացականությանը: Փորձառություն և իմացականություն. ծնվելով և ապրելով արտերկրում, գրող-վավերագրող Սուրյանն իրեն երբեք Սփյուռքում ապրող չի համարել, չի սփյուռքացվել, և Հայ դատի խնդիրը եղել է նրա ուշադրության կիզակետում: Ապացույցները շատ են, դրանով իսկ ոչ միայն Սփյուռքում, այլև Հայաստանում ապրող հայերին պարտավորեցնող: Բավական է նշել ամերիկյան մի լրագրողի «հոգեփոխության» պատմությունը ¥«Բաքլի»¤, երբ Հայաստանը պատուհասած երկրաշարժը հիմնովին փոխում է հայության նկատմամբ ունեցած նրա անբարենպաստ կարծիքը, որ սոսկ կարծիք չէ, այլ դիրքորոշում մի ժողովրդի նկատմամբ, որի անցյալի ողբերգականությունը նրան անհավաստի է թվում, միայն երկրաշարժն է դարձի բերում` իր չընդունած ու «հավակնոտ» ժողովրդին օգտակար լինելու ցանկությամբ՝ աղետյալներին գումար տրամադրելով, և սա առանձնահատուկ ու եզակի դեպք չէ, այսպիսի մտավորականներ շատ են եղել, նրանց թվում` հայազգի, որոնք մեծ ցնցումներից հետո են միայն վերագտել իրենց ազգային ինքնությունը, և որոնք, ինչո՞ւ չէ, նաև Սուրյանի արձակի, հատկապես հրապարակագրության միջոցով են ճանաչել հայությանը, բայց ոչ անցյալի ողբերգության խորապատկերի վրա, այլ ներկա ժամանակներում նրանց ծավալած գործունեության, ի նպաստ մարդու և մարդկայինի քաղաքակրթեցման:
Բացառիկ ու նաև օրինաչափ է Սուրյանի հարցադրումը. «Պատկանելություն: Ես այս վայրի՞ն եմ պատկանել, թե՞ այն վայրին... ինչ-որ վայրի պատկանում է մեզնից յուրաքանչյուրը, ներառյալ նրանք, որ իրոք պատկանում են: Արդարև պատկանո՞ւմ են... ես բոլոր վայրերի՞ն եմ պատկանել: Իսկ դա հարստությո՞ւն է, թե՞ աղքատություն»: ¥«Սփյուռքցիների պատկանելությունը»¤: Փիլիսոփայական ենթաշերտեր ունեցող այս մտածումը մեզնից յուրաքանչյուրին է վերաբերում. որտեղ էլ ծնված լինենք, որտեղ էլ ապրենք, և ուշագրավն այն է, որ Սուրյանը չի նշում ազգային պատկանելություն, չի գրում սփյուռքահայ, այլ սփյուռքցի բառն է շեշտադրում, այսինքն՝ Սփյուռքի որ գաղթավայրում էլ ապրում է հայ մարդը, նա արդեն տեղացի է՝ սփյուռքցի, նա տվյալ երկրի իրավահավասար քաղաքացի է, և իր ուժերի ներածի չափով մասնակիցն է այդ երկրի քաղաքական, հանրային, մշակութային կյանքի, այսինքն` քաղաքակիրթ աշխարհում այլևս չկան ազգային փոքրամասնություններ, կան քաղաքացիներ: Եվ ամենևին խոչընդոտ չի տեսնում, երբ տարբեր ազգերի զավակների միջև կնքվում են ամուսնական դաշինքներ. «Տիկինս, որ կիսով չափ ֆրանսուհի է ու կիսով չափ գերմանուհի, ապահով է ու երջանիկ»: Այդ երջանկությունը ունի քաղաքակրթական հիմք, և այդպիսի երջանիկ ընտանիքները բազում են, իսկ հայի համար այն թերևս ճակատագիր է: Իմ համոզմամբ` Սուրյան գերդաստանը վանեցիական ծագում ունի ¥Վանում Սուրյան անունով բնակավայր կա¤, որքան էլ գրողը համոզված է. «Ինչո՞ւ պետք է այդ ամենը ¥պատկանելության բուն խնդիրը-Ա. Ա.¤ նշանակություն ունենա, երբ ես երջանիկ մարդ եմ, և անցյալը լիովին մարել է»: Այնուամենայնիվ, մի պահ, արյան կանչով, անզգալաբար, թերևս ինքն իրեն հակադարձում է. «Բայց ունի»: Այսինքն, պատկանելության խնդիրն այնքան և այնչափ նշանակություն ունի, որքան և որչափ մարդու զգայարաններում արթուն է իր «մոռացված նախնիների ստվերների» ձայնը, որ սոսկ ձայն չէ, այլ զգայացունց ճիչ, նորովի կյանքի կոչող հրամայական պահանջ։ Փիթեր Սուրյանը այդ հրամայական պահանջով է ապրում իր լռությունը, տարագրությունն ու խոհեմությունը:

Արթուր ԱՆԴՐԱՆԻԿՅԱՆ

Դիտվել է՝ 1110

Մեկնաբանություններ